Ամուլսարի մասին ֆիլմ

Ամուլսարի մասին ֆիլմ

«Ամուլսար․Երկու կրակի արանքում»

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն Global Greengrants ֆոնդի աջակցությամբ պատրաստել է ֆիլմ՝ «Ամուլսար․երկու կրակի արանքում»։ Այն պատմում է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի և Հայաստանի կառավարության անպատասխանատու քաղաքականության մասին։

․․․2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը ռուսական պետական կապիտալով գործող Եվրասիական զարգացման բանկի և Բրիտանական օֆշորում գրանցված Լիդիան ընկերության հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։

Ըստ հուշագրի Կառավարությունը պետք է ստանա ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ ԵԶԲ-ն ներդնելու է 100 միլիոն դոլար՝ որպես վարկային միջոցներ, ևս 50 միլիոն դոլար  կտրամադրվի տեղական բանկի կողմից։ Մինչ օրս ընկերությունը և ՀՀ կառավարությունը գաղտնի են պահում տեղական բանկի անունը։

Այսպիսով՝ Հայաստանի կառավարությունն արհամարհեց իր իսկ կողմից վճարված և 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, ինչի համար պետական բյուջեից վճարել էր 454 հազար ԱՄՆ դոլար:

Անտեսվեց  ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, Ջերմուկի ստորգետնյա ավազանի և ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտման ռիկսը: 

Անտեսվեց նաև Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով տոքսիկ տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտման ռիկսը: Անտեսվել է աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը: 

Հաշվի չի առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պայմանավորված Բեռնի կոնվենցիայով:

Հաշվի չառնվեց տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության դիմադրությունը, ինչպես նաև արհամարվեց Ջերմուկ համայնքի ավագանու որոշումը և 3000  բնակիչների հանրագիրը, որով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը Ամուլսարի տարածքում։