2023 թվականի հունվարի 4-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) քաղաքացիական հայց ներկայացրեց իմ՝ Թեհմինե Ենոքյանիս դեմ Երևանի առաջին ատյանի դատարան և պահանջեց հերքում և զրպարտության դիմաց փոխհատուցում 6 մլն դրամի չափով։ 2026 թվականի փետրվարի 23-ին դատարանն ամբողջությամբ մերժեց ԶՊՄԿ-ի հերքման և 6 մլն դրամի չափով փոխհատուցման պահանջը։
Գործի նախապատմությունը հետևյալն էր։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին «Իրավատեր կապանցիներ բնապահպանական ՀԿ»-ի ֆեյսբուքյան էջով տարածվել էր Ողջի գետի արդյունաբերական թափոնաջրերով աղտոտումը պատկերող ուղիղ հեռարձակմամբ երկու տեսանյութ՝ առաջինը վերնագրված՝ «Ողջի գետը Քաջարան քաղաքում Երեք օր է այս վիճակն է։ Նոյեմբեր 30, 2022թիվ։ Հանքահենների հերթական չարագործությունը բնության նկատմամբ։», իսկ երկրորդ ուղիղ հեռարձակմամբ տեսանյութը պարունակում էր հետևյալ բովանդակությունը․ «Քաջարան։ Չորեքշաբթի։ Ժամը՝ 17։20։ Ձյուն է գալիս։ Գետ Ողջի։ ԻԿԲ ՀՀ _ը պահանջում է անհապաղ վերացնել գետը թունավորող վթարը։ ԻԿԲ ՀՀ_ը պոչամբարի պայթյունի վերաբերյալ հայտարարություն չի արել։ Ոչ մի կարիք չկա, որ ԶՊՄԿ_ը չեղած բանը հերքի։ 20 մլն_ը չեք կարող ղեկավարել տենչում եք 40 մլնի»։
Հիմնվելով մամուլում հայտնված այս տեղեկությունների վրա՝ դեկտեմբերի 1-ին իմ ֆեյսբուքյան էջում տարածել եմ հանքարդյունաբերության մասին իմ հեղինակային վավերագրական ֆիլմի տեսանյութը՝ հետևյալ գրառմամբ «Այս ֆիլմս նայել են մոտ 100 000 մարդիկ, տարբեր միջոցառումներին ցուցադրվել է տասնյակ լրագրողների ու բնապահպանների, Ֆիլմում առկա է ԶՊՄԿ ի խողովակաշարի վթարված կադրեր դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։ Հարուցվել էր քրեական գործ, սակայն երեք տարի ոչինչ չարեց ՀՀ գլխավոր դատախազություն-ը։ Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ։ Չէ որ ՀՀ կառավարությունն արդեն 28% բաժնեմաս ունի արդեն ԶՊՄԿ ում։ Արդեն մաքուր են աշխատում, այսինքն թափոնաջրերից չոր են դուրս գալիս։ Ոչ մի պատասխանատվություն ուղղակի փողը քոռացնող հատկություն ունի»։ Այսինքն՝ իմ գրառմամբ ես նպատակ ունեի ուշադրություն հրավիրելու այն փաստի վրա, որ արդյունաբերական թափոններով աղտոտումների համար հարուցվող քրեական գործերը ոչ մի կերպ չեն կանխում դրանց կրկնումը հետագայում, ինչպես փաստագրել էի իմ ֆիլմում։ Հետամուտ լինելով կոնկրետ այս դեպքով ընթացող վարույթի արդյունքներին՝ 2022 թ․ դեկտեմբերի 26-ին դիմել էի նաև ՀՀ դատախազություն՝ տեղեկանալու նոյեմբերի 30-ին Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքի մասին (Դատախազության պատասխանը՝ այս հղումով)։ Հատկանշական է, որ դեպքի մասին տեղեկություններ տարածած սկզբնաղբյուրը՝ «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն, դեկտեմբերի 2-ին տարածել էր նոր տեսանյութ և տեղեկացրել, որ ԶՄՊԿ-ն թեև վթարը վերացրել էր, սակայն չէր նշել վթարի պատճառները։
Իրավիճակի ահա այս համատեքստում 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՊՄԿ-ի ներկայացուցիչ Անի Ալավերդյանից նամակ ստացա, որում ընկերության շահերը պաշտպանող փաստաբանը զրպարտություն էր համարել հետևյալ արտահայտությունը՝ «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ ի պոչամբար գնացող խողովակաշարը»՝ պնդելով, որ «պոչամբարի «վթար» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել» և պահանջել էր հերքում։ Մինչդեռ ես չեմ գրել ԶՊՄԿ-ում պոչամբարի վթարի մասին, իմ գրառման մեջ ես օգտագործել եմ խողովակաշար բառը, իսկ «վթարվել» բառը հիմնված է եղել երրորդ կողմի տարածած փաստական տեղեկությունների և բազմիցս օգտագործած՝ «վթար» բառի վրա։ Ես չէի կարող հերքել արտահայտություն, որը ես չէի արել։
Երեք տարի անց ԶՊՄԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ինձ մերժվեց ամբողջությամբ։
2023 թ․ հունվարից սկսած՝ շուրջ երեք տարի հերթական անգամ հանքարդյունաբերական ընկերության կողմից ներքաշված եմ եղել դատական գործընթացի մեջ, ինչը և՛ ֆինանսական, և՛ բարոյահոգեբանական անհարկի և անարդար բեռ էր։ ԶՊՄԿ-ն բարդացնում էր այս գործի ընթացքը՝ փորձելով բացի դատարան ներկայացված հայցի առարկայից, ավելացնել նաև այլ հիմքեր (այսինքն՝ որպես զրպարտություն դիտարկելով իմ գրառումից այլ բառեր կամ արտահայտություններ)։ Հայցի հիմքերը փոխելու մասով ԶՄՊԿ-ն պարտվեց դատական բոլոր ատյաններում, ինչի կապակցությամբ ստիպված եղավ ինձ վճարել դատարանի որոշմամբ ողջամիտ համարվող 150․000 դրամ՝ որպես փաստաբանի ծառայությունների դիմաց փոխհատուցում, սակայն սա նշանակում էր բուն դատավարությունից բացի այլ դատական ատյաններով անցնելու հավելյալ շրջափուլ։ Իմ գնահատմամբ, ԶՊՄԿ-ն նաև հատուկ թիրախավորել էր ինձ և նմանատիպ պահանջներ չէր ներկայացրել տեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող կողմին՝ «Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ին։ Արդարության համար պետք է նշեմ, որ «Իրավատեր կապանցիներ» կազմակերպության կողմից բնության աղտոտման մասին լուսաբանումները և բողոքները շատ արժեքավոր են ու անհրաժեշտ մեր հասարակության մեջ, և ես բոլորովին չեմ ցանկանում հալածանքի սլաքները իրենց դեմ ուղղել, սակայն կարևոր է ընդգծել, որ տեղեկատվության առաջնային տնօրինողի նկատմամբ ԶՊՄԿ-ն դատական հայց չի ներկայացրել։
Հատկանշանական է, որ դատավարության ընթացքում ընկերության փաստաբան Անի Ալավերդյանը դեմ էր արտահայտվել բնությանը և հանրային շահին վերաբերող այս գործի դատական լսումների տեսանկարահմանը՝ այդպիսով խոչընդոտելով իմ կողմից նիստերի նկարահանումը, մինչդեռ լրատվամիջոցների կողմից դատավարության չլուսաբանման պարագայում դատական նիստերի տեսանյութերի տարածումը հանրությանը տեղեկացնելու կարևոր էր միջոց էր ինձ համար։ Հատկապես կարևոր է այնպիսի դատավարությունների ամբողջական լուսաբանումը, որոնք հատուկ թիրախում են բնապահպաններին, իրենց հողի ու ջրի համար պայքարող բնակիչներին, լրագրողներին և որակվում են հանրային մասնակցությունը խոչընդոտող կամ հանրությանը լռեցնող ռազմավարական դատեր (strategic lawsuits against public participation, SLAPP): Այդուհանդերձ, հավատարիմ բնապահպանական հարցերը բարձրաձայնելու և դատական նիստերի հրապարակայնությունն ապահովելու իմ առաքելությանը՝ ես կարողացա դատական երկու նիստի մասին տեղեկությունները տարածել՝ հիմնվելով դատարանում նիստերի ձայնագրությունների վրա (մաս 1, մաս 2)։
Ինչպես լսվում է ձայնագրություններում, ԶՊՄԿ-ի ներկայացուցիչը դատարանին մի քանի անգամ ներկայացրել է, որ ես, լինելով բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող, քաջատեղյակ եմ, թե «պոչամբարի պայթյունը» ինչ աղետալի ազդեցություն կարող է ունենալ ընկերության համբավի համար ՀՀ-ում և Հայաստանից դուրս, որ այդ ապատեղեկատվությունը խիստ բացասական ազդեցություն ունի ընկերության գործարար համբավի համար: Մինչդեռ հայցի հիմքում ընկած արտահայտությունը չէր պարունակում «պոչամբարի պայթյուն» բառակապակցությունը և իմ գրառումը որևէ կերպ չէր կարող նման ընկալում ստանալ։
Անկախ նիստերի ժամանակ ԶՄՊԿ ներկայացուցչի կողմից հայցի առարկայի մասին չհամընկնող ձևակերպումներից՝ դատարանը քննության է առել վիճարկվող բուն արտահայտությունը՝ բարի համբավի և կարծիք արտահայտելու ազատության իրավունքների պաշտպանության ներքո։ Դատարանն արձանագրել է, որ զրպարտության համար պատասխանատվությունը՝ անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Ըստ դատարանի, զրպարտության համար պատասխանատվությունը պետք է համաչափ լինի պատվին հասցված վնասին, իսկ ժողովրդավարական հասարակությունում ցանկացած այլ նպատակով վնասի փոխհատուցումն օգտագործելն անթույլատրելիորեն սահմանափակող ազդեցություն կունենա ազատորեն արտահայտվելու իրավունքի վրա։ Դատարանն անդրադարձել է փաստական տվյալների և գնահատողական արտահայտությունների հարցին նույնպես, և ընդունել, որ վիճարկվող արտահայտությունը պարունակում է որոշակի փաստացի տվյալ։ Սակայն այդ արտահայտությունն ինքնին իր բնույթով անաչառ դիտորդի մոտ չի կարող ընկալվել հենց որպես հայցվորի հասցեին ուղղված որոշակի գործարար համբավը նսեմացնող, գործարար համբավն արատավորող տեղեկություն:
Ի վերջո, դատարանը գտել է, որ առկա չեն նշված հրապարակումը որպես զրպարտություն որակելու համար օրենքով սահմանված բոլոր հատկանիշները, մասնավորապես, առկա չեն եղել իրականությանը համապատասխանելու և հայցվորի համբավի արատավորմանը հատուկ ուղղված լինելու հատկանիշները, ուստի զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում բռնագանձելու պահանջներն անհիմն են և ենթակա մերժման։ Դատարանը ԶՊՄԿ-ին պարտավորեցրել է իմ փաստաբանի ծառայությունների դիմաց փոխհատուցել ողջամիտ վճար 100 000 դրամի չափով:
Դատական վճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 23-ին։
Թեհմինե Ենոքյան