Հանքերի ծավալները Հայաստանում

Հանքերի ծավալները Հայաստանում

Ինչպես նվազեցնել հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը 29 000 ք/մ տարածք զբաղեցնող փոքր պետություն է, որն ունի շահագործվող  և լքված հանքավայրեր, և չունի դրանց հետևանքների վերաբերյալ ամբողջական կառավարման ռազմավարություն։ Այդ է պատճառը, որ տարիներ շարունակ անպատասխանատու կերպով  ընդերքը թալանվում է տեղական և արտասահմանյան, մասնավորապես ռուսական ընկերությունների կողմից, առկա օրենսդրական կարգավորումների ներքո, որոնք միայն ձեռնտու են բիզնեսին։  Հանքավայրերը շահագործող բոլոր ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում, հումքն առանց վերամշակման արտահանվում է արտերկիր՝ Հայաստանի Հանրապետությանը թողնելով միայն ամայի վտանգավոր տարածքներ, պոչամբարներ, ծանր մետաղներով բարձր ռիսկայնությամբ համայնքներ, դեմոգրաֆիական  խնդիրներ և հիվանդ բնակչություն։

Հայաստանում  հանքավայրերի շահագործման  ընդերքօգտագործման իրավունք ունեն 23 ընկերություններ, որոնցից շահագործում իրականացնում են 7-ը, երեքը՝ Սյունիքի մարզում,  երկուսը Լոռվա մարզում, մեկը՝ Գեղարքունիքի։ Մեկ հանքավայրի թույլտվություն տրված է Վայոց Ձորի մարզի Ամուլսարի տարածքում, սակայն շինարարության փուլի ավարտին բնակչությունը դեմ արտահայտվեց բազմաթիվ իրավական խախտումներով այս նախագծին և 2,5 տարով փակեց Ամուլսար տանող բոլոր ճանապարհերը՝ շահագործման թույլտվություն ունեցող ընկերությանը հասցնելով սննկացման եզրին, որին հետևեց վերակազմակվորման գործընթաց։

Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, գործում են ԶՊՄԿ, Ագարակի ՊՄԿ, (պղինձ, մոլիբդեն), Չաարատ Կապան ՓԲԸ-ն (պղինձ)։  Առկա են պոչամբարներ  և լքված հանքավայրեր, որոնք բարձիթողի վիճակում են, բնակավայրերին շատ մոտ՝ առկա բնապահպանական, սոցիալական և առողջապահական  անկառավարելի ռիսկերով։ (Տես Պոչամբարները՝ «նվեր» փաստավավերագրական ֆիլմը,  «Վտանգավոր գոտի» անգլերեն, չեխերեն հոդված)

Երկու հանքավայր Լոռվա մարզում են` Ախթալայի ԼՀԿ և Թեղուտ ՓԲԸ՝ (պղինձ, մոլիբդեն), համապատասխանաբար, շահագործում են Ախթալայի և Թեղուտի հանքավայրերը։ Առկա են պոչամբարներ, որոնք չեն ենթարկվում ոչ մի բնապահպանական նորմի և վտանգ են հանդիսանում բնակչության համար (Առնիկա հետազոտություն)։ Գեղարքունիքի մարզում  գործում է Գեոպրոմայնինգ Գոլդ  ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը (Հետաքննական ֆիլմ՝ Ռուսական կապիտալի ճիրաններում

Ինչպե՞ս կանգնեցնել հանքարդյունաբերական աղետը․

Տավուշի մարզ․ հանրագրերը որպես պայքարի միջոց

ՀՀ –ն՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, չունի Ազգային բնապահպանական քաղաքականություն, ըստ որի կսահմանվեին առավելագույն բացված հանքերի քանակը, շահագործման նորմեր, հարկային քաղաքականություն ի շահ պետության, և արդեն իսկ բացված հանքավայրերից  ավել ուղակի չէր թույլատրվի շահագործել՝ ելնելով այդ ռազմավարությունից։

Մինչև դեռ նման քաղաքականության բացակայության պարագայում որևէ արգելք չկա նախարարության համար ընդունել և դիտարկել հանքավայրերի շահագործման նոր նախագծեր և , երբեմն, 1 փորձագետով ամբողջ նախագծին գնահատական տալ  և թույլատրել  տնտեսվարողին իրականացնել ծրագիրը։ Գործնականում սա  նշանակում է, հանքավայրերի շահագործման հայտ ներկայացրած ցանկացած անձ ստանում է թույլտվություն։
Տավուշի մարզի Վազաշեն գյուղում երրորդ անգամ հանքավայրը շահագործելու համար 2021 թվականին հայտ էր ներկայացրել «Էյ թի գրուպ» ՍՊԸ 2020-2023 թթ․ ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով։ Մինչև դեռ 2018 թվականին Նոյեմբերյան համայնքն Հայաստանում առաջին համայնքն էր, որ ինքնակազմակերպվեց և հանրագիր ստորագրեց՝ այն մասին, որ իրենց համայնքը հռչակում են էկո-տնտեսական տարածք, սույն փաստաթուղթը համայնքի ավագանին վավերացրեց և հավանության արժանացրեց։ Հանրագիրը ենթադրում է, որ համայնքը մերժել է հանքարդյունաբերությունը և  տնտեսական զարգացման այլ ուղիներ է  փնտրում։ 

Վայոց Ձորտուրիզմի եվ գյուղատնտեսության օրրան, թե՞ հանքավայր

2018-2019 թվականների ընթացում Նոյեմբերյանի օրինակին հետևեցին Վայոց Ձորի մարզի 5 համայնքներ՝ (Ջերմուկ, Եղեգնաձոր, Գլաձոր, Վայք, Արենի) հավաքելով շուրջ 13 000 ստորագրություն և համապատասխան համայնքի ավագանիներով հավանության արժանացրեցին և իրենց համայնքները հռչակեցին էկո-տնտեսական տարածքներ։
Այս քայլը նախաձեռնելու համար  առիթ հանդիսացավ Վայոց Ձոր մարզի Ջերմուկ խոշորացված համայնքին կից Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ  ընթացող  շուրջ 10 տարվա պայքարը։ Վայոց Ձորի մարզում շուրջ 3000 ստորագրությամբ առաջինը մետաղական հանքարդյունաբերությունը մերժեցին և իրենց համայնքն էկո-տնտեսական տարածք հռչակեցին ջերմուկցիները։  Հանրագրի նախաձեռնությունը վարակի նման տարածվեց մարզի այլ համայնքներում ևս՝ Գլաձոր, որին նույնպես սպառնում էր Գլաձորի հանքավայրի շահագործման վտանգը, Եղեգնաձոր, Վայք, Արենի Մալիշկա համայնքները հաջորդն էին՝ հանրագրերով պաշտապնելու իրենց առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ 

Այս գործողությանը հաջորդեց ՀՀ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից վարչական հայցերի ներկայացումն ընդդեմ համայնքների ավագանիների, որով Հայաստանի կառավարող ուժը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, մոռանալով իր կողմից հռչակած ժողովրդավարական և հեղափոխական արժեքները, վարչական լծակներ օգտագործելով՝ քաղաքական ճնշում էր բանեցնում ՏԻՄ մարմնի նկատմամբ։

Հիշեցնեմ, որ Ամուլսարում հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ընթանում էր երկարատև պայքար,  սակայն կտրուկ գործողություններ համայնքի բնակիչները նախաձեռնեցին 2018 թվականի «Թավշյա» ոչ բռնի հեղափոխությունից անմիջապես հետո։ Բողոքի ակցիաները շարունակվեցին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27, երբ սկսվեց 44 օրյա Արցախյան պատերազմը։ Համայնքի բնակիչները  քաղաքացիական խաղաղ անհնազանդության բոլոր գործիքներն օգտագործելով պաշտպանում էին իրենց համայնքը, սակայն պատերազմի սկսվելուն պես շատերը գնացին սահման։
Այս պայքարի օջախը հետաքրքիր է նրանով, որ Լիդիան Արմենիա ՓԲԸ –ի քաղաքական և ֆինանսական հովանավորյալներն էին ՎԶԵԲ-ը և ՄՖԿ-ն։ Ամուլսարը պաշտպանելու պայքարը սփռվեց ողջ աշխարհով մեկ և շարունակվում է մինչև օրս։ 2022 թվականի հունիսի 28-ին հրապարակվեց զեկույց՝ «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում», որի հեղինակներն են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, CEE Bankwatch Network, ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։ 

Պայքար դատական ատյաններում

Բնապահպանական խնդիրներով Հայաստանում դատական համակարգին գրեթե չեն դիմում, եվ դա ունի իր պատճառները։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրանցվել է ընդամենը երկու դեպք, մեկը Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ Թեղուտցիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների հայցն էր,  քննվում  էր ՀՀ վարչական դատարանում, որը ձախողվեց։ ՀՀ Վարչական դատարանը ՀԿ-ներին ճանաչեց ոչ պատշաճ հայցվորներ, իսկ բնակիչների պայքարը շարունակվում է մինչև օրս։ Այժմ ՄԻԵԴ-ի վճիռներով ստանում են բարոյական և նյութական վնասի փոխհատուցում, սակայն սա ամենևին չկանգնեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագիրը։

Երկորդ նախադեպը Հայաստանի դատական ատյաններում  արձանագրվեց Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչների կողմից, որի մեջ մտնում են Գնդեվազ և Կեչուտ գյուղերը։ 2015 թվականից սկսած մինչ օրս 2 վարչական գործերով դեռևս չկան դատական ակտեր։ ՀՀ Վարչական դատարանում ազդակիր համայնքի բնակիչները բողոքարկում են Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր դրական թույլտվությունները, պատասխանող կողմերն են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը, ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը և որպես երրորդ կողմ Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն:

Լոռվա մարզ․ հանրային լսումների բոյկոտը որպես պայքարի միջոց

Լոռվա մարզն աչքի է ընկնում  չքնաղ բնությամբ, պատմամշակութային հուշարձաններով, ՏՏ  կենտրոններով և քաղաքացիական հասարակական պայքարի  ակտիվ օջախներով։ Երկու հանքարդյունաբերական կենտրոնների առկայությունը հյուսիսային մարզում  աղետալի վիճակ են ստեղծել Մեծ Այրում, Ախթալա, Ալավերդի, Թեղուտ, Շնող համայնքերի համար։  Նահատակի պոչամբարը կառուցվել է Սովետական ժամանակաշրջանում, մինչև օրս շահագործվում է Ախթալայի ԼՀԿ-ի կողմից և պարբերաբար պատվարը բարձրացնելու միջոցով ընդլայնվում է պոչամբարի ծավալները։ Բնակչությունը արդեն երկար ժամանակ է պայքարում է պոչամաբարի հետևանքների դեմ, կանխարգելում էն նաև երկրորդ պոչամբարի կառուցումը, իսկ Թեղուտի պոչամբարի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը խիստ գաղտնի է պահվում հանրությունից 2017 թվականից ի վեր։

Սա այն պատկերն է, որն առկա է ներկա պահին Լոռվա մարզում։ Չնայած այս իրողություններին ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարությունների շարունակում են նոր հանքեր բացելու թույլտվություններ շռայել տարբեր նորաթուխ ընկերությունների, ովքեր ունեն արագ հարստանալու մեծ ախորժակ։ 

Վերջին 7-8 տարվա ընթացքում Լոռվա մարզի բնակչությանը և քաղհասարակությանը հաջողվել է գտնել ՇՄԱԳ օրենսդրության մեջ փոքրիկ հնարավորություն՝ կանգնեցնելու հանքարդյունաբերական տենդը մարզում։ Ցանկացած հանքարդյունաբերական ընկերություն բնությունը հանքավայրի վերածելուց առաջ ըստ ՇՄԱԳ օրենքի պարտավոր է իր նխագածի վերաբերյալ անցնել հանրային լսումների փուլ  ազդակիր համայնքներում։ Սակայն ներկայիս գործող օրենքը չի հստակեցնում հանրային լսումների անցկացման ընթացակարգը՝ ըստ որի բնակչության քանի տոկոս մասնակցության և ինչպիսի դիրքորոշման դեպքում է հնարավոր համարել հանրային լսումները կայացած։ Եթե հանրային լսումները կայացել են, ապա ընկերությունը կարող է անցնել հաջորդ փուլ, ՏԻՄ մարմնից ուզել հողատարածք, վարձակալել և գնել բնակիչներից և սկսել իր գործունեությունը։ Անգամ եթե բնակչության 100 տոկոսը դեմ է հանքավայրի շահագործմանը, սակայն մասնակցել է հանրային լսումներին իր դիրքորոշումը հստակ արտահայտելով՝ օրենքը թույլ է տալիս կայացած հանրային լսումների պարագայում իրագործել հանքարդյունաբերական նախագիծը՝ անկախ համայնքի բնակիչների դիրքորոշումից։ Օրենքի այսպիսի անարդար և սխալ կիրառությունը բնակչությանը և քաղհասարակությանը դրդեց գտնել լուծումներ, որով հնարավոր կլիներ թույլ չտալ ընկերություններին անցնել հաջորդ փուլ։


Լոռվա մարզի Ուռուտ գյուղն է, բնակիչներն արդեն երրորդ անգամն է, փորձում են կանխարգելեն գյուղի անապատացման ծրագիրը։ Հանքարդյունաբերող ընկերությունը փորձում է համայնքից մի քանի բերված անձանց միջոցով կազմակերպել հանրային լսումներ, սակայն բնակչության մեծամասնությունը փակել է գյուղապետարանի շենքի մուտքի դռները և թույլ չի տալիս իրականացնել հանրային լսումներ։ Բոյկոտի այս մեխանիզմը միակ գտնված մեթոդն էր ներկայիս գործող  ՇՄԱԳ օրենսդրության շրջանակներում, որով հնարավոր է եղել կանխարգելել հանքարդյունաբերողների գործողությունները։ Հանրային լսումների գործընթացը տապալելուց հետո քաղհասարակությունը ստիպում է Ուռուտ գյուղի վարչական ղեկավարին կազմել և ստորագրել արձանագրություն այն մասին, որ հանրային լսումները չեն կայացել բնակչության ճնշող մեծամասնության դեմ լինելու և հանրային լսումները բոյկոտելու պատճառով։ Ուռուտի օրինակին են հետևել նաև Հանքաձորի հանքավայրի հանրային լսումների ժամանակ։

Դեռևս 2017 թվականին հանրային լսումների բոյկոտի մեխանիզմի կիրառությունը Լոռվա մարզի Արդվի համայնքում տվեց կոնկրետ արդյունքներ, բնակիչները հանքարդյունաբերող ընկերության ճանապարհը փակեցին դեռ գյուղ չմտած և ստիպեցին հեռանալ գյուղից։ Ընկերությունը ցանկանում էր հետախուզել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Պետք է նշել, որ համայնքներում հանրային լսումների բոյկոտի մեխանիզմն արդյունավետ մեթոդ է, սակայն օրենքը չի արգելում նույն կամ մեկ այլ ընկերության կրկին դիմել հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալ և կազմակերպել հանրային լսումներ, համայնքը կիսել երկու մասի՝ սոցիալական, իրավական վեճ առաջացնելով բնակչության մեջ։ 

Վայոց Ձորի Գլաձոր խոշորացված համայնքում  5 տարի առաջ հանրային լսումների ժամանակ արձանագրություն  կազմվեց, որ համայնքը դեմ  է, բնակչությունը կարողացավ դիմագրավել հանքարդյունաբերական ծրագրին, համայնքի ղեկավարին ընկերությունը դատի տվեց, անգամ մարզի դատարանը համարեց, որ համայնքի ղեկավարը պարտավոր է հողահատկացում անել անկախ բնակչության և ՏԻՄ –ի դեմ լինելուց։ Սակայն դատարաններում երկարատև պայքարից հետո հոջողվեց ժամանակավորապես կասեցնել այս գործընթացը։  Սակայն, Գլաձորի օրինակը դասական օրինակ է, երբ օրենքը չի սահմանափակում, թե միևնույն ընկերությունը, կամ նոր հիմնադրված, սակայն նույն բաժնետերեր ունեցող ընկերությունը քանի անգամ կարող է դիմել հանքավայրի շահագործման թույլտվություններ ստանալու համար, Գլաձորում 2021 թվականի սեպտեմբերին կրկին ակտիվացան խոսակցություններ հանքավայրի շահագործման մասին։ Անգամ հանքարդյունաբերող ընկերությանը  հաջողվեց համայնքի բնակիչներին կիսել երկու մասի և թշնամանք սերմանել բարեկամական միջավայրում։

ՀՀ կառավարությունը չի նահանջում Լոռվա մարզում նոր հանքարդյունաբերական օջախներ բացելու համար, սակայն բնակչությունը համառորեն դիմադրում է։ Ներկայիս գործող ՇՄԱԳ օրենսդրությամբ պայքարի մեթոդներից մեկը հանդիսանում է հանրային լսումների բոյկոտը և տապալումը։ Երբ ընկերությունը չի կարողանում իրականացնել հանրային լսում, չի կարողանում նաև ստանալ թույլտվությունների փաթեթ հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։ Նմանօրինակ պայքարի օջախներ առաջացան Լոռվա մարզի Ուռուտ, Վահագնաձոր, Վահագնի, Մարգահովիտ, Քարաբերդ, Կաթնաղբյուր համայնքներում, որոնք բարեհաջող ավարտ ունեցան, քանի որ բնակչությանը  և բնապահպանական հասարակական կազմակերպություններին հաջողվեց հանրային լսումները բոյկոտելու միջոցով կանխել հանքարդյունաբերական նոր ծրագրերի իրականացումը իրենց տարածքներում։

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ նախաձեռնել է ՇՄԱԳ օրենքի փոփոխություն դեռևս 2021 թվականի հուլիս ամսվանից։ Շուրջ 1 տարի է պայքար է ընթանում բնապահպանական ՀԿ-ների և նախարարության միջև, որպեսզի առկա գործող օրենքը բարելավվել, այլ ոչ  թե նպաստել բիզնես շահերը սպասարկող դրույթների ավելացմանը։ ՇՄ նախարարության հետ բանավեճերում ակնհայտ երևում էր իրավաբանական վարչության պետի հետաքրքրվածությունը հնարավորինս լղոզել հոդվածները, հատկապես հանրային լսումներ անցկացնելու ընթացակարգի վերաբերյալ։ Սակայն բնապահպանական փորձագետները և հկ-ները շարունակում են պայքարը օրենսդրության մշակման նախաձեռնող խմբում կադրային քաղաքականությունը փոխելու և բարենպաստ օրենսդրության ընդունման համար։

Ընդերքի մասին օրենք հանուն հանքարդյունաբերական ընկերությունների շահի 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնվեց ևս մեկ օրենսդրական նախագծի մշակման գործընթաց, որով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: 

Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ 
 

Այս օրենքը հատուկ գրվել է և հարմարեցվել է Ամուլսարը շահագործել ցանկացող Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի համար։  Շուրջ 60 հասարակական կազմակերպություններ բարձրաձայնեցին, դիմում նամակներ հղեցին ՀՀ Ազգային ժողովին, իսկ հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, սակայն ապարդյուն, նախագահը հունիսի 18-ին  առհամարեց ՀԿ-ների դիրքորոշումը և ստորագրեց այս օրենքը՝ որևէ քննարկում չկազմակերպելով նրանց հետ։
Այս օրենքի դեմ հետագա պայքարը պետք շարունակել ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն դա անելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորներ, ովքեր ի պաշտոնե  ի զորու են սկսել նման պայքար։ Պետք է նշել, որ ՀԿ-ները նույնպես ունեն իրավունք սպառելով ՀՀ բոլոր դատական ատյանները՝ վերջում դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, սակայն այս գործընթացը կարող է շարունակվել 10 –յակ տարիներ և ակնհայտորեն լինեն անարդյունավետ։