«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում փետրվարի 19-ին, ք․Արարատի «Ինֆոտանն» իրականացրեց «Բնապահպանություն և իրավունք․ արտեզյան ջրերի խնդիրը» թեմայով քննարկում։ Բանախոս իրավաբան Արթուր Գրիգորյանը լսարանին ներկայացրեց կլիմայի փոփոխության պայմաններում արտեզյան ջրերի խնդիրը:
Քննարկման կիզակետում էր կլիմայի փոփոխության հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ջրային համակարգերի վրա, Արարատյան արտեզյան ջրավազանի գերշահագործման հետևանքով առաջացած բնապահպանական և սոցիալական խնդիրները, լուծումները։
Արթուր Գրիգորյանի զեկույցը հիմնված էր միջազգային կազմակերպությունների և ՀՀ պատկան մարմինների կողմից իրականացված համատեղ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Ներկայացվեցին ստորգետնյա ջրավազանից արդյունահանվող ջուրը խնայողաբար օգտագործելու հրամայականը, ջրի սակավությունից առաջ եկած մարտահրավերները և ապագա միտումները։
Հաշվի առնելով խմելու և ոռոգման ջուր ունենալու առաջնահերթությունը՝ քննարկվեց ավազանի տարածքում ձկնաբուծական տնտեսության շարունակական զարգացման ռիսկերը, քանի որ ձկնաբուծությունն է հանդիսանում Արարատյան ջրավազանի բարձրորակ ջրի հիմնական սպառողը՝ առաջացնելով խմելու և ոռոգման ջրի հասանելիության խնդիր տեղի բնակչության համար։
Դասընթացի ժամանակ բացի գիտական ուսումնասիրությունից, խոսվեց նաև իրավիճակի հնարավոր լուծումներից։ Մասնակիցները տեղացի երիտասարդներ էին, ովքեր, տեղեկացված լինելով իրավիճակից, փորձում էին առաջարկել ջրի խնայողաբար օգտագործման իրենց տարբերակները։
Հանդիպման մասին կարելի է տեղեկանալ նաև Էկոլուրի պատրաստած հոդվածից և Ալիք մեդիայի անդրադարձից:
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) ERIM International ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) Human Rights House Yerevan Yerevan կողմից՝ Եվրոպական միության (EU) European Union in Armenia ֆինանսավորմամբ։
#EU #TeamEurope #COVID19 #StrongerTogether #HRHY #GreenArmenia